ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԳՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ

ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԳՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ
19.01.2010 | 00:00

Ռուսաստանի վարչապետը` Մոսկվայում, իսկ արտգործնախարարը` Երևանում, հաստատեցին Կրեմլի դիրքորոշումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարող փոխկապակցված լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Վերջին տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ռուս-թուրքական աննախադեպ ջերմացած հարաբերություններում արձանագրվում է «փոխըմբռնման բացակայություն», և Թուրքիայի վարչապետի այցը ցանկալի արդյունք չի տալիս։
Այս իրադարձությունը բավականին մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանում։ Պուտինի հայտարարությամբ արբեցած հայոց քաղաքական դաշտում արդեն կարելի է հանդիպել տեսակետների ու գնահատականների, թե ռուսական քաղաքականությունը կրկին շրջադարձ է կատարում, և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Մոսկվայի հարաբերություններն այսուհետ կրկին հակակշռվելու են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությամբ։ Առաջին հայացքից, իրոք, այդպես է, որովհետև ռուս-թուրքական դինամիկ զարգացող փոխհարաբերություններում վերջին տարվա ընթացքում, թերևս, առաջին անգամ է, որ Թուրքիան չի կարողանում ցանկացածը ստանալ Ռուսաստանից։
Մյուս կողմից, սակայն, ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել։ Էրդողանի մոսկովյան այցի նախաշեմին մոսկովյան առաջատար փորձագետներն ու վերլուծաբանները (Գ. Պավլովսկի, Մ. Լեոնտև, Վ. Տրետյակով, Ս. Մարկով, Ի. Սաֆրանչուկ և այլք) կանխատեսում էին, որ Մոսկվայի ճնշմամբ ղարաբաղյան հարցն Ադրբեջանի օգտին լուծելու թուրքական նախաձեռնությունը կձախողվի։ Եվ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն այլևս չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունների է՛լ ավելի խորացում։ Ճիշտ հակառակը, այդ հարաբերություններն այսօր ավելի են ամրապնդվում «Հարավային հոսք» և «Երկնագույն հոսք-2» էներգետիկ ծրագրերի իրագործումով, Մոսկվան գրեթե ստացել է Թուրքիայում ատոմակայան կառուցելու արտոնությունը։ Ըստ այդմ, բնավ էլ հայերի նկատմամբ հավերժական սիրուց չէ, որ Պուտինը մերժում է Էրդողանին։ Ըստ ամենայնի, Ռուսաստանն առհասարակ չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայիս սցենարով, այսինքն` ցյուրիխյան արձանագրությունների վավերացման ու այդ միջոցով սահմանի բացման ճանապարհով։
Ավելորդ չէ հիշեցնել, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ակտիվ փուլը նաև Ռուսաստանի առաջնային դերակատարության արդյունք է։ Թուրքիայի նախագահին ֆուտբոլային խաղի հրավիրելու Հայաստանի նախագահի հայտարարությունը հնչեց հենց Մոսկվայում, ո՛չ այլ մայրաքաղաքում։ Ըստ նույն ռուսական վերլուծական շրջանակների, Կրեմլը ակտիվ, թեպետ ոչ տեսանելի մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի հրավերին նախորդած հայ-թուրքական պաշտոնական նամակագրությունը խրախուսելու հարցում։ Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացն ավելի շատ Ռուսաստանի ակտիվ միջամտության արդյունքն է, քան արևմտյան տերությունների։
Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և արդեն 2008-ի վերջին, 2009-ի սկզբին կարգավորման գործընթացի միջնորդական առաքելությունն անցավ Վաշինգտոնին։ Ավելի ճիշտ, ԱՄՆ-ն ակտիվ գործողություններով ուղղակի խլեց նախաձեռնությունը Ռուսաստանից, և այսօր այլևս մեծ գաղտնիք չէ, որ հայ-թուրքական արձանագրություններն իրենց բավականին լղոզված տեքստով ու երկակի իմաստ պարունակող ձևակերպումներով նախապատրաստվել են, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի պետդեպարտամենտում։ Ամերիկացիները հաջողեցին գործընթացն առաջ մղել` ընդհուպ մինչև արձանագրությունների ստորագրումը, և այդ ընթացքում էլ, անաչառ դիտորդների կարծիքով, Մոսկվայի դերակատարությունը եղել է խիստ սահմանափակ և նույնիսկ ձևական։
Այս ամենը ռուսական հեղինակավոր փորձագետների շրջանում ստեղծել է ոչ անհիմն տպավորություն, թե Վաշինգտոնի նախաձեռնած գործընթացն ամենևին էլ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի ենթադրում, այն շատ ավելի լայն նպատակներ հետապնդող ծրագիր է։
Խնդիրն այն է, որ իրաքյան պատերազմից ի վեր Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն աստիճանաբար, բայց հիմնավորապես փչանում են։ Թուրքիայի իսլամամետ կառավարությունը փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն և գործնականում երկիրը դուրս է բերել ամերիկյան ազդեցության ուղեծրից։ Առանց Վաշինգտոնի միջամտության Անկարան հասավ Սիրիայի հետ հարաբերությունների որոշակի կարգավորման, համանման գործընթաց է փորձում իրագործել նաև Իրանի հետ փոխհարաբերությունները ճշգրտելու ուղղությամբ։ Իսրայելա-թուրքական հարաբերությունների վերջին շրջանի կտրուկ վատթարացումը նույնպես պետք է դիտարկել այդ համատեքստում, քանզի Թուրքիայի ներկայիս կառավարությունը փորձում է վարել իսլամական աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն իր ձեռքը վերցնելով` Վաշինգտոնը նպատակ ունի Անկարային վերադարձնել իր ազդեցության ուղեծիր։ Պատահական չէ, որ երբ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները փոխվստահելի հունի մեջ էին, Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգահեռ։ Բազմիցս նշվել է, որ 1999-2000-ին իշխանությունից հեռացող Բիլ Քլինթոնի վարչակազմը աննախադեպ ճնշում գործադրեց Հայաստանի ղեկավարության վրա` ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորելու և այդ համատեքստում, այսպես կոչված, «Մեղրու միջանցքն» Ադրբեջանի տնօրինությանը հանձնելու նպատակով։ Այդ գործընթացում Թուրքիան շատ ակտիվ մասնակցություն ուներ և գործնականում հասել էր ամերիկյան վարչակազմի համաձայնությանը` Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան անխափան կապ ձևավորելու վերաբերյալ։
Բուշի վարչակազմի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունները փոխվեցին։ Փոխվեց կառավարությունն Անկարայում, իսլամիստները սկսեցին վարել նոր քաղաքականություն, և շատ բնութագրական է, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջինը հենց պաշտոնական Վաշինգտոնն է բացառել ղարաբաղյան հակամարտությունը դրա հետ կապելը։ Այսօր «Մեղրու միջանցքն» ընդհանրապես չի հիշատակվում որևէ մակարդակում։ Այսինքն` ԱՄՆ-ը հայ-թուրքական սահմանի բացումով փորձում է հսկողություն հաստատել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չկարողանա Ադրբեջանի հետ անմիջական կապ հաստատել, և այդ կապը միջնորդավորված լինի Հայաստանի և Վրաստանի կոմունիկացիաներով։ Վաշինգտոնում հաշվարկել են, որ ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական գործընթացի հետ կապելը և այդ երկու գործընթացները Թուրքիայի հայեցողությամբ ուղղորդելը հանգեցնելու են տարածաշրջանում Անկարայի դիրքերի աննախադեպ ուժեղացմանը, երբ Հայաստանն ու Արցախը կհայտնվեն թուրք-ադրբեջանական դաշինքի միջև ճզմված լինելու իրական վտանգի առջև։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը չի պնդում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, և մինչև Մոսկվա մեկնելը Էրդողանն այս հարցում համապատասխան մերժում ստացավ նաև Վաշինգտոնում։
Սակայն, ըստ որոշ ռուսական վերլուծաբանների, Թուրքիային վերահսկելի դարձնելու ամերիկյան քաղաքականությունը չի սահմանափակվում հայ-թուրքական գործընթացով։ Կան կարծիքներ, որ Վաշինգտոնն Անկարայի վրա շարունակելու է ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչև կհասնի Մոնտրյոյի 1936 թվականի համաձայնագրի վերանայմանը, որով էլ սահմանված են Թուրքիայի իրավունքները սևծովյան նեղուցների գործունեության ռեժիմի հետ կապված։ Այդ համաձայնագիրը նաև սահմանափակում է ոչ սևծովյան պետությունների ռազմական նավերի մուտքը Սև ծով։ Այսինքն` ոչ սևծովյան պետությունների ծանր ռազմանավերն իրավունք չունեն մուտք գործելու Սև ծովի ավազան, իսկ թեթև ու միջին ռազմանավերի մուտքն ունի հստակ ժամկետային սահմանափակում։ Ռուսական փորձագետների կարծիքով, Վաշինգտոնը մտադիր է հասնել այս համաձայնագրի չեզոքացմանն ու սևծովյան նեղուցների վրա միջազգային ռեժիմի հաստատմանը, որով կվերացվեն վերոնշյալ բոլոր սահմանափակումները։ Ռումինիայում և Բուլղարիայում ռազմակայաններ հիմնելուց հետո կան պնդումներ, որ ԱՄՆ-ը մտադիր է համապատասխան հենակետեր ստեղծել նաև իր ազդեցության գոտում հայտնված Վրաստանում։ Այս համատեքստում խոսքը հատկապես Փոթիի մասին է, որը նախկին ԽՍՀՄ ամենախորջրյա նավահանգիստներից մեկն էր և ռազմական նպատակներով վերակառուցման դեպքում հանգիստ կարող է ընդունել խոշոր ռազմանավեր, նույնիսկ միջուկային սպառազինությամբ սուզանավեր։ Իսկ դա կնշանակի, որ ամերիկյան նավատորմը կարող է հայտնվել ուղղակի Ռուսաստանի քթի տակ` Օչամչիրում ու Նովոռոսիյսկում տեղակայված ռուսական նավատորմի գրեթե կողքին։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ, առաջին հերթին, այս վտանգն աչքի առաջ ունենալով, ռուսական կողմը մերժեց Թուրքիայի վարչապետին իր աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության հրատապ կարգավորման առումով։ Անկասկած, որոշակի նշանակություն է ունեցել նաև հայ-ռուսական հարաբերությունները չփչացնելու ցանկությունը, որովհետև, եթե Մոսկվան Թուրքիայի ցանկությամբ կոշտ ճնշում փորձեր գործադրել Հայաստանի վրա` նրան ղարաբաղյան հարցում անհիմն զիջումների հակելու նպատակով, կկանգներ Հարավային Կովկասում իր վերջին դաշնակցին ու ռազմաբազան կորցնելու հեռանկարի առջև։ Ամերիկյան ազդեցությունն այսօր տարածաշրջանում այնքան է, որ հնարավորություն է տալիս Հարավային Կովկասի պետություններին մանևրելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև, եթե որևէ կողմից ճնշում գործադրելու փորձ է արվում։ Եվ այս հանգամանքը կարևոր նշանակություն է ունեցել Մոսկվայի համար` Թուրքիայի վարչապետի «խնդրանքին» ընդառաջելու հարցում` իր վերջնական դիրքորոշումը ճշգրտելիս։ Թեպետ, ըստ ռուսական մամուլի, պաշտոնական Կրեմլի դժգոհությունն է հարուցել նաև այն, որ Էրդողանը փորձել է Ռուսաստանի վրա երկրորդ անգամ ծախել «Հարավային հոսքի» նախագիծը։ Այսինքն` Թուրքիայի վարչապետի հիմնական առաջարկը Մոսկվային եղել է թերևս հետևյալը. մենք ձեզ տալիս ենք «Հարավային հոսքն» իրագործելու հնարավորություն, դուք էլ մեզ օգնեք Ղարաբաղի հարցում։ Ինչպես սրամտորեն նշել էր ռուսական ինտերնետային կայքերից մեկը, Ռուսաստանը «Հարավային հոսքի» համար արդեն վճարել է Թուրքիային այն ահռելի ներդրումներով, որոնք նախատեսում է այդ նախագիծը, և նույն բանը երկրորդ անգամ գնելու մտադրություն չունի։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ